Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, գրում է, որ Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են Կիևին լրացուցիչ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։
Ըստ Reuters-ի աղբյուրի՝ նման կայանքների պոտենցիալ մատակարարներ են դիտարկվում Միացյալ Նահանգները և Հունաստանը։
Արևմտյան երկրները մտադիր են մատակարարումների վերաբերյալ համաձայնության գալ մինչև հունիսին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է BBC-ն։
New York Times-ը կիրակի գրել է Ուկրաինա երկու նոր Patriot հրթիռների հնարավոր մատակարարման մասին։ Պարբերականի աղբյուրները նշել են, որ Կիևը կարող է ստանալ Իսրայելում տեղակայված Patriot-ը (վերանորոգումից հետո), իսկ արևմտյան դաշնակիցները քննարկում են նաև Գերմանիայից կամ Հունաստանից մեկ այլ համակարգ տեղափոխելու լոգիստիկան։
Reuters-ը չի հայտնել, թե կոնկրետ քանի սարքավորում կարող է ստանալ Ուկրաինան։
Չնայած Ուկրաինան ներկայում ունի ութ Patriot հրթիռային համակարգ, դրանցից երկուսն, ըստ ամերիկացի պաշտոնյաներից մեկի, վերանորոգման փուլում են, գրում է New York Times-ը։
Ուկրաինան արևմտյան դաշնակիցներին խնդրում է իրեն նոր հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ իր քաղաքները ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։ Patriot համակարգերը հատկապես արժեքավոր են, քանի որ թևավոր և բալիստիկ հրթիռներ կարող են խոցել։





























