Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը համաձայնության են եկել երկար սպասված առևտրային համաձայնագրի շուրջ, որը, ըստ նախարարների, մինչև 2040 թվականը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը տարեկան 4,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ կապահովի, հաղորդում է The Guardian-ը։

Գործարքը, որը վերջապես համաձայնեցվել է երեքշաբթի՝ միմյանց փոխարինած կառավարությունների ղեկավարությամբ երեք տարուց ավելի բանակցություններից հետո, երկար ժամանակ ներկայացվել է Brexit-ի ամենամեծ մրցանակներից մեկը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ «Հնդկաստանի հետ պատմական գործարքը կխթանի տնտեսությունը և օգուտ կբերի բրիտանացի ժողովրդին ու բիզնեսին»։

Գործարքը խոստանում է օգուտ բերել Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների և ալկոհոլային խմիչքների արդյունաբերությանը, որոնք տուժել են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերից։ Հնդկաստանի կողմից բրիտանական վիսկիի և ջինի մաքսատուրքերը կկիսով չափ կնվազեն՝ 150%-ից հասնելով 75%-ի, ապա համաձայնագրի 10-րդ տարում կնվազեն մինչև 40%, հայտնել են բիզնեսի դեպարտամենտից։ Բրիտանական ավտոմեքենաների մաքսատուրքերը կնվազեն 100%-ից մինչև 10%, իսկ քվոտաներ կսահմանվեն Հնդկաստան արտահանվող բրիտանական ավտոմեքենաների քանակի համար և հակառակը։

Ըստ համաձայնագրի՝ Հնդկաստանը կնվազեցնի բրիտանական ապրանքների 90%-ի մաքսատուրքերը, դրանց թվում՝ կոսմետիկայի, գառան մսի, սաղմոնի, գազավորված ըմպելիքների, շոկոլադի և թխվածքաբլիթների, ինչպես նաև բժշկական սարքավորումների, ինքնաթիռների պահեստամասերի և էլեկտրական սարքավորումների նկատմամբ։ 2022 թվականի տվյալների հիման վրա՝ սակագների կրճատումը կարժենա 400 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Մեծ Բրիտանիան կրճատելու է հնդկական հագուստի, կոշիկի և սննդամթերքի մաքսատուրքերը։ Նախարարները նշել են, որ դա սպառողներին հնարավորություն կտա օգտվել ավելի էժան ապրանքներից և ավելի մեծ ընտրության հնարավորություն ունենալ։ Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ներդրումների համար իրավական պաշտպանություն ապահովող երկկողմ ներդրումային համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները դեռևս չեն ավարտվել։ Մոդին և Սթարմերը, ինչպես սպասվում է, համաձայնագիրը ստորագրելու համար կհանդիպեն առաջիկա ամիսներին։