ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ չինացի պաշտոնյաները «ցանկանում են հանդիպել» առևտրային հարցերի շուրջ և հաստատել է, որ երկու երկրները բանակցություններ կվարեն «անհրաժեշտ ժամանակին», հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է ի պատասխան ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ այսօր ավելի վաղ Կոնգրեսին տված այն մեկնաբանության մասին հարցին, որ Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային հարցերի շուրջ «դեռևս բանակցություններ չի սկսել»։
Սակայն Թրամփը մինչ այժմ պնդում է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ է վարում Չինաստանի հետ, չնայած Պեկինը հերքում է, որ նման բանակցություններ են ընթանում։
«Նրանք ուզում են բանակցել և ուզում են հանդիպում անցկացնել»,-ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։ «Եվ մենք նրանց հետ կհանդիպենք ճիշտ ժամանակին»։
Թրամփը հավելել է, որ դեռ չի հանդիպել Չինաստանից որևէ մեկի հետ, սակայն հայտարարել է, որ Պեկինի տնտեսությունը «մեծապես տուժում է» Միացյալ Նահանգների հետ առևտուր անելուց հրաժարվելու պատճառով։





























