Հայաստանի Բարձրագույն դատական ​​խորհրդի գործունեությունը թափանցիկ չէ եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս մասին Երեւանում ընթացող Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում հայտնել է խորհրդի նախկին անդամ Արշակ Վարդանյանը, որը Վերաքննիչ քրեական դատարանի եւ Բարձրագույն դատական ​​խորհրդի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական​​խորհրդի գործունեության հարցը ներկայացնելու համար։

Նա հիշեցրել է, որ ԲԴԽ-ն համեմատաբար նոր մարմին է, որը գործարկվել է 2018թ.՝ նպատակ ունենալով բարձրացնել դատական ​​համակարգի անկախությունը։ Սակայն իրականում հակառակն է տեղի ունենում, եւ անդամների նշանակման մեթոդները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Մասնավորապես այն, որ անդամների կեսին նշանակում է ԱԺ-ը, այսինքն՝ իշխող ուժը։ Այս առումով ՀՀ-ում գործող օրենսդրությունը չի բխում եվրոպական չափանիշներից։ Վարդանյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԲԴԽ-ն ընտրվում է քաղաքական դրդապատճառներով, եւ կարեւոր որոշումներն ընդունվում են կանխակալ կարծիքներով։ Բարձրագույն դատական ​​խորհրդի անդամ ընտրված թեկնածուներից շատերը չեն ստացել ընդդիմության աջակցությունը, իսկ ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվում են Վճռաբեկ դատարան։ Մենք կարծում ենք, որ նման միջամտությունը չի կարող ապահովել մարմնի անկախությունը, ընդգծել է Վարդանյանը։ Միաժամանակ հեշտացել է դատավորների լիազորությունների դադարեցումը։ Եթե ​​նախկինում պահանջվում էր 7-ի համաձայնությունը, ապա այժմ այն ​​6-ն է, իսկ երբեմն 5 ձայնն էլ է բավական։

ԲԴԽ աշխատանքը թափանցիկ չէ, որոշումները չեն հրապարակվում, դրանք կայացվում են դռնփակ, չեն վարվում արձանագրություններ, եւ արդյունքում դատավորները զրկվում են որոշումը բողոքարկելու հնարավորությունից։ Դատավորները նշանակվում են առանց դատական ​​ակադեմիայում համապատասխան պատրաստվածության եւ կրթության, ինչը նշանակում է, որ դատավորը մի կողմից չի կարող արդյունավետ աշխատել, իսկ մյուս կողմից՝ սա խախտում է ակադեմիան նախկինում ավարտած եւ նշանակման սպասող թեկնածուների իրավունքները։ Ընդ որում, դատավորներ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք։ Դատավորների կարիերայի առաջխաղացումը նույնպես հարցեր է առաջացնում։

Զեկուցողը հատուկ ուշադրություն է դարձրել կարգապահական վարույթին եւ վեթինգին։ Նրա խոսքով՝ վարույթն իրականացվում է առանձին դատավորների նկատմամբ, իսկ վեթինգը ներկայացվում է որպես համակարգի բարելավման միջոց, բայց իրականում դա կարող է օգտագործվել որպես անցանկալի դատավորներից ազատվելու գործիք։ Դա, ըստ էության, պետք է իրականացնի անկախ կառույցը։ Մեր դեպքում վեթինգ են իրականացրել քաղաքական շրջանակներից ԲԴԽ տեղափոխված անձինք։ Գործընթացներն նախաձեռնել է արդարադատության նախարարությունը, ինչը եվրոպական չափանիշներով սպառնում է դատական ​​համակարգի անկախությանը։

Այսպիսով, կարճ ժամանակում դադարեցվել են ականավոր դատավորների լիազորությունները, ինչը վիճարկվում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՄԻԵԴ-ում։ Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ դատավորների իրավունքները չեն վերականգնվել եւ որոշումը չի վերանայվել։ «Հատկանշական է, որ Բարձրագույն դատական ​​խորհրդի որոշումների վրա ազդել են նաեւ ԲԴԽ ղեկավարի եւ արդարադատության նախարարի տնտեսական կապերը։ «Դա սահմանել է ՄԻԵԴ-ը»,- նշել է զեկուցողը՝ հիշեցնելով, որ դատական ​​դեպարտամենտը բարձրագույն դատական ​​խորհրդի ղեկավարի հանձնարարությամբ տեսանյութ է պատրաստել նման անցանկալի դատավորների վերաբերյալ, եւ արդարադատության նախարարությունը օպերատիվ միջնորդություններ է ներկայացրել, իսկ ԲԴԽ-ն գործընթացը հասցրել է ցանկալի արդյունքի եւ զրկել նրանց լիազորություններից։ Վեթինգի մեկ այլ գործիք է դարձել դատավորների գերծանրաբեռնվածությունը։