Ամերիկյան ոստիկանները կրակել են դեռահասի, որը դպրոց էր եկել օդային զենքով: Դեպքը տեղի է ունեցել hունվարի 4-ի առավոտյան Թեքսաս նահանգում` Բրաունսվիլլի դպրոցներից մեկում: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ դպրոցի տարածքում զինված մարդ է գտնվում:

Դեպքի վայր ժամանած երկու ոստիկանները տղային հայտնաբերել են շենքի միջանցքում: Իսկ ավելի ուշ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ տղան զինված էր հրազենով: Հետո մամլո ասուլիսի ժամանակ Օռլանդոյի տեղական ոստիկանության ղեկավարը հաղորդում է, որ 15 տարեկան Խայմե Գոնսալեսի մոտ եղել է օդային զենք, որ նման է եղել մարտականի: Չնայած ոստիկանների բազմաթիվ պահանջներին` Գոնսալեսը հրաժարվել է իջեցնել զենքը: Արդյունքում նրանք ստիպված են եղել կրակ բացել, երբ դեռահասը զենքն ուղղել է նրանց ուղղությամբ:

«Նա բազմաթիվ հնարավորություններ ուներ զենքն իջեցնելու, բայց նա դա չարեց»,- ասել է քաղաքային ոստիկանության ղեկավարը: Ամբողջ դպրոցում եղել են շուրջ 750 սովորողներ: Ծնողների խոսքով` իրենց չեն տեղեկացրել կատարվածի ոչ մի մանրամասների մասին, միայն հրամայել են երեխաներին տուն տանել: Գոնսալեսի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից նվազագույնը երկուսը դիպել են դեռահասին: Շտապ օգնության մեքենայով նա հասցվել է մոտակա հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: ԱՄՆ-ում, որտեղ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը երաշխավորում է քաղաքացիների` զենք պահելու և կրելու իրավունքը, հաճախ են տեղի ունենում ողբերգական պատահարներ դրանց գործածելու հետևանքով, այդ թվում և ուսումնական հաստատություններում, գրում է NEWSru.com-ը: