Չինացի միլիարդատեր Լուն Լի Յուանը հանկարծամահ է եղել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին ռեստորան այցելելուց հետո: Նրան թունավորելու մեջ կասկածվում է այն պաշտոնյան, որի հետ այդ երեկո ընթրել է միլիարդատերը: Ենթադրվում է, որ նա է ավելացրել թունավոր բույսը Լուն Լի Յուանի ապուրի մեջ:
Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ գործարարը և պաշտոնյան վիճել են այն բանից հետո, երբ պարզվել է, թե իբր Խուան Գուանը վատնել է միլիարդատերի հատկացրած փողերը:
Այդ օրը Խուան Գուանը, որը Չինաստանի հարավում գյուղատնտեսության բնագավառի պաշտոնյա է, և որին պատկանել է տեղական անտառային ընկերությունը, ռեստորանում է եղել, որտեղ միլիարդատիրոջն առաջարկվել է տեղական խոհանոցի ուտեստ` ապուր կատվի մսից` պատրաստված մարմանդ կրակի վրա: Նրանց է միացել Լուն Լի Յուանի ընկերը, փոխանցում է BBC-ն:
Ենթադրվում է, որ Խուան Գուանը միլիարդատերի կատվային ուտեստին խառնել է թունավոր բույս: Այն հայտնի է նրանով, որ պարունակում է ալքալոիդներ, որոնցից գլխավորը գելսեմինն է, որն էլ ունի ստրիխնինին բնորոշ հատկանիշներ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լուն Լի Յուանը գլխապտույտ և սրտխառնոց է զգացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ վախճանվել է սրտի կաթվածից: Նրա ընկերը կերել է ընդամենը մի փոքր կտոր թունավորված ուտեստից, քանի որ այն նրան շատ դառն է թվացել, հենց դա էլ փրկել է նրա կյանքը:
Անմիջապես դեպքից հետո ոստիկանությունը ձերբակալել է ռեստորանի տիրոջը` ուտելիքի պատրաստման ընթացքում սանիտարական կանոնների խախտման կասկածանքով: Սակայն Լուն Լի Յուանի ընտանիքը չի հավատացել այդ տարբերակին եւ համոզել է ոստիկանությանը ավելի մանրամասն հետաքննություն անցկացնել: Հանցագործության վերաբերյալ որևէ տեղեկության համար խոստանում են 16 հազար դոլարի պարգև:



























