Դեւիդ Բեքհեմը որոշել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի հետ պայմանագիր չստորագրել: Պայմանագիրը պետք է ստորագրվեր 1,5 տարով, գործարքի արժեքը կազմում էր 12 մլն ֆունտ սթեռլինգ (20 մլն դոլար):

Դեւիդը ֆուտբոլիստի կարիերան, ամենայն հավանականությամբ, կավարտի Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում` լոսանջելեսյան «Գալակտիկա»-ում, որտեղ նա խաղում էր վերջին 5 տարիներին եւ որի հետ պայմանագրի ժամկետը օրերս լրացել է, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն` հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:

Ակնկալվում է, որ 36-ամյա կիսապաշտպանը օրերս «Գալակտիկա»-ի հետ նոր պայմանագիր կկնքի եւս մեկ տարի ժամկետով: Այն նախորդից շահավետ կլինի: Օրինակ, Դեւիդը զգալիորեն ավելի շատ տոկոսներ կստանա տոմսերի եկամուտներից, քան նախկինում:

Բացի այդ, հարթվել է գլխավոր խնդիրը` քալիֆորնիական ակումբի ղեկավարությունը անգլիացուն խոստացել է, որ մնալու վերաբերյալ նրա որոշումը չի ազդի ամռանը Օլիմպիադայի ընթացքում Անգլիայի հավաքականում հանդես գալու նրա հնարավորության վրա: Բեքհեմի չհեռանալու մասին հայտնել է նաեւ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն. «Ամեն ինչ ավարտված է: Նրա համար առաջին տեղում ընտանիքն է»:

Դատելով ամեն ինչից` ընտանիքն իրոք Դեւիդի Ամերիկայում մնալու  որոշման մեջ մեծ դեր է ունեցել: Վիկտորյա Բեքհեմը բազմիցս նշել է, որ իրեն ԱՄՆ-ն շատ է դուր գալիս, իսկ Բեքհեմն ինքը չի թաքցնում, որ իր որդիներին դուր է գալիս օվկիանոսից այն կողմ բնակվելը: