Վենեսուելայում բանտարկյալների հարազատները գրավել են բանտը` բողոքելով նրանց փակի տակ պահելու պայմանների դեմ: Երկրի իշխանությունները այդ մարդկանց գործողությունների հետևում անմիջապես կասկածել են ԱՄՆ-ին:

Venezuelanalysis.com կայքի  համաձայն` հունվարի 4-ի երեկոյան 995 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, հրաժարվել են հեռանալ Կարակասի շրջակայքում գտնվող «Յառե»  բանտից` Նոր տարին դատապարտված հարազատների հետ անցկացնելուց հետո: Դրանով նրանք իրենց բողոքն են արտահայտում առանց վճռի կայացման մարդկանց երկար ժամանակ կալանքի տակ պահելու դեմ:

Բանտերի գործով վենեսուելյան նախարար Իրիս Վառելան, տեղի ունեցածը մեկնաբանելով, ենթադրել է, որ երկրի բանտերում պայմանների բարելավման համար ելույթ ունեցող ակտիվիստները ֆինանսավորում են ստանում ԿՀՎ-ի կողմից: Ընդ որում, նա նշել է, որ իշխանությունները մտադիր են գործել առանց ուժի կիրառման` բանակցությունների ճանապարհով:

Իրավապաշտպանների տվյալների համաձայն` Վենեսուելայի բանտերում ներկայումս փակված է ավելի քան 40 հազար մարդ: 2011 թվականին երկրում մահացել է շուրջ 300 բանտարկյալ: Բանտերի գործերով նախարարությունն ստեղծվել էր հուլիսին այն բանից հետո, երբ Վենեսուելայի հյուսիսում գտնվող «Էլ Ռոդեո» բանտում տեղի էր ունեցել խոշոր ընդվզում, խռովություն, գրում է Lenta.ru-ն: