Իսպանիայի իշխանությունները թույլատրել են Վրաստան արտաքսել Եվրոպայում վրացական մաֆիայի պարագլուխներից մեկին` Կախաբեր Շուշանաշվիլիին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով El Pais թերթը:
Իսպանիայի ազգային դատարանը արտահանձնման որոշում է կայացրել Թբիլիսիի կողմից ապրիլին համապատասխան հարցում ստանալուց հետո, գրում է պարբերականը:
Շուշանաշվիլին ձերբակալվել էր 2010թ. մարտին Բարսելոնում` լայնածավալ գործողության արդյունքում, ոստիկանությունը ձերբակալել էր եւս 20 մարդու: Հաղորդվում է, որ Շուշանաշվիին վերահսկում է խմբավորման «դրամարկղը» եւ եկամուտները: Ձերբակալվածները մեղադրվում էին թմրանյութերի եւ զենքի մաքսանենգության, փողերի լվացման, սպանությունների փորձերի, ավազակության, շորթումների, փաստաթղթերի կեղծման եւ զենքի ապօրինի կրման մեջ:
Վրաստանը Իսպանիային հարցում էր ուղարկել 2011թ. ապրիլին: Թբիլիսին նրան մեղադրում է Սալոնիկում իր հայրենակցից 40 հազար եվրոյի շորթման մեջ: Շուշանաշվիլին Իսպանիա էր տեղափոխվել 2005թ. եւ վերահսկում էր վրացական խմբավորումը նաեւ այլ երկրներում` օգտագործելով Skype-ը:




























