Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ ռուս-արաբական առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 15-ին։

«Մենք մտադիր ենք բոլոր հնարավոր ձևերով շարունակել կառուցողական երկխոսությունն Արաբական պետությունների լիգայի, ինչպես նաև բարեկամական հարաբերությունները նրա բոլոր անդամների հետ։ Այդ առումով ես կցանկանայի հրավիրել ասոցիացիայի բոլոր պետությունների ղեկավարներին, ինչպես նաև Լիգայի գլխավոր քարտուղարին մասնակցելու ռուս-արաբական առաջին գագաթնաժողովին, որը նախատեսում ենք անցկացնել հոկտեմբերի 15-ին։ Վստահ եմ՝ այդ հանդիպումը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը և կօգնի գտնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ուղիներ», -ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը դիմելով Արաբական լիգայի գագաթնաժողովի մասնակիցներին՝ հիշեցրել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը, որը խլել է տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը, հանգեցրել է լարվածության կտրուկ աճի և բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրների սրման հարևան երկրներում և ամբողջ Մերձավոր Արևելքում։ Նման իրավիճակում հատկապես կարևոր է դառնում Արաբական պետությունների լիգայի դերը՝ որպես բազմակողմ երկխոսության և փոխգործակցության արդյունավետ մեխանիզմ»,-նշել է նա։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն, իր հերթին, հետևողականորեն աջակցում է արաբական պետությունների ձեռնարկած կոլեկտիվ քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերին՝ թե՛ Լիգայի շրջանակում, թե՛ այլ ձևաչափերով՝ տարածաշրջանում առկա հակասությունները լուծելու համար։

«Ելնում ենք այն փաստից, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի գործող նորմերի հիման վրա՝ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքով», -նշել է Ռուսաստանի նախագահը։