ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։

«Մենք խոսել ենք ամենատարբեր բաների մասին, - CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն։- Ես ուզում էի իմանալ նրա կարծիքը, թե ինչպես են անցել երեկվա բանակցությունները։ Դրանք ժամանակի զուր վատնում չեն եղել»։

«Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին։ Ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք», - հավելել է նա։

Ըստ Մարկո Ռուբիոյի, այս բանակցություններն առաջ մղելու միակ միջոցը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների անձնական հանդիպումն է։

Նա հիշեցրել է, որ Թրամփը հրապարակայնորեն առաջարկել է հանդիպել առանձին։

«Նման հանդիպման կազմակերպման մեխանիզմը որոշակի մշակում կպահանջի, ուստի չեմ կարող ասել, որ այս պահին դա նախատեսվում է վայրի և ամսաթվի ընտրության առումով։ Սակայն նախագահը ցանկանում է դա անել։ Նա ցանկանում է դա անել որքան հնարավոր է շուտ», - հավելել է Ռուբիոն։