Մաքսատուրքերի դրույքաչափերը շուտով կվերադառնան «փոխադարձ» մակարդակին, եթե երկրները 90-օրյա դադարի ընթացքում առևտրային համաձայնագրերի չհասնեն, կիրակի օրը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Թրամփը նրանց տեղյակ է պահել, որ եթե դուք բարեխղճորեն բանակցություններ չվարեք, ապա կվերադառնաք ապրիլի 2-ի մակարդակին», - ասել է Բեսենթը։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի, կան 18 կարևոր առևտրային գործընկերներ, որոնց հետ Միացյալ Նահանգներն առավելապես շահագրգռված է գործարքներն ամրապնդելու հարցում։ Նա չի հստակեցրել, թե որքան արագ կարող են մաքսատուրքերի դրույքաչափերը վերադառնալ «փոխադարձ» մակարդակին։
«Գոյություն ունեն բազմաթիվ փոքր առևտրային կապեր, որոնք մենք կարող ենք պարզապես հաշվարկել։ Ես նաև կարծում եմ, որ մենք բազմաթիվ տարածաշրջանային գործարքներ կկնքենք՝ «սա Կենտրոնական Ամերիկայի համար դրույքաչափն է, սա՝ Աֆրիկայի այս հատվածի համարը»», - հավելել է Բեսենթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր մի շարք «փոխադարձ» մաքսատուրքերի սահմանման մասին, որը նա անվանել էր «Ազատագրման օր»։ Ավելի ուշ նա 90 օրով կասեցրեց այդ գանձումները, ինչը դրույքաչափերը նվազեցրեց մինչև 10% բազային դրույքաչափի։ Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ երկրների ժամանակը սպառվում է Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարք կնքելու համար։
«Միաժամանակ 150 երկիր ունենք, որոնք ցանկանում են գործարք կնքել, բայց դուք չեք կարողանա այդքան շատ երկրներ տեսնել, - ասել է Թրամփը Աբու Դաբիում գործարար կլոր սեղանի ժամանակ։ - Այսպիսով, որոշակի պահի, առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, կարծում եմ, (Բեսենթը) և (առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը) նամակներ կուղարկեն, որոնցում, ըստ էության, մարդկանց կասենք – մենք շատ անկեղծ կլինենք, – բայց մարդկանց կասենք, թե որքան են նրանք վճարելու Միացյալ Նահանգներում բիզնես վարելու համար»։
Երկուշաբթի օրը շուկաները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ Բեսենթը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը Ժնևում (Շվեյցարիա) ընդհանուր գծերով ներկայացրեցին Չինաստանի հետ առևտրային պատերազմի ժամանակավոր դեէսկալացիան. Միացյալ Նահանգները չինական ներմուծման մաքսատուրքերը 145%-ից նվազեցրել է մինչև 30%, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 125%-ից իջեցրել է մինչև 10%։ S&P 500 ինդեքսը նախորդ շաբաթ աճել է 5,3%-ով՝ անընդմեջ հինգ աճի սեսիաներից հետո։





























