Վրաստանի իշխանություններին հաջողվել է ծովահենների գերությունից ազատել «Օլիբ» նավի անձնակազմի անդամ 18 նավաստիների, որոնցից 15-ը Վրաստանի քաղաքացիներ են, երեքը` Թուրքիայի ներկայացուցիչներ:
Ներկայումս ազատագրված նավաստիները վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող նավում են, որն ուղեւորվում է դեպի Քենիայի անվտանգ նավահանգիստներից մեկը: Պաշտոնական իմիգրացիոն ընթացակարգ անցնելուց հետո նավաստիները կկարողանան վերադառնալ հայրենիք:
Ինչպես նշում է «Գռուզիա Online»-ը, նավաստիներին ազատելու բանակցությունները վարել են վրաց բարձրաստիճան պաշտոնյաները, եւ ամբողջ գործընթացը գտնվել է երկրի նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Ծովահենների ստացած փրկագնի չափի կամ, ընդհանրապես, այն վճարելու մասին տեղեկություն չի հաղորդվում:
«Օլիբ» նավը, որը պատկանում է հունական ընկերությանը եւ ընթանում էր Մալթայի դրոշով, ծովահենների կողմից գերեվարվել էր 2010թ. սեպտեմբերի 8-ին, Ադենի ծոցում: Նախապես ծովահենները 15 մլն դոլարի փրկագին էին պահանջել, այնուհետեւ` ինը մլն դոլար: Նավի սեփականատերը ծովահեններին առաջարկել էր փրկագնի փոխարեն նավը վերցնել, բայց վերջիններս չէին համաձայնել նման գործարքին:



























