Ֆրանսիայի իշխանությունները մերժել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ «ներդրումային ֆոնդերի հետ բանակցություններ վարելու» համար ԱՄՆ մեկնելու խնդրանքը, հաղորդում է Politico-ն։
Փարիզի դատախազությունը թերթին հայտնել է, որ որոշումն ընդունել է մայիսի 12-ին՝ «այն հիմքով, որ նման արտասահմանյան ուղևորությունն անհրաժեշտ կամ արդարացված չի թվում»։
Դուրովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսին ֆրանսիական օդանավակայանում և խիստ իրավական հսկողության տակ է անցյալ տարվա սեպտեմբերից, երբ նրան վեց մեղադրանք առաջադրվեց՝ կապված իր ղեկավարած հաղորդագրությունների փոխանակման հավելվածում անօրինական գործունեության հետ։
Նրան արգելվում է Ֆրանսիայից դուրս գալ առանց թույլտվության: Մարտի 15-ից ապրիլի 7-ը նա Դուբայ մեկնելու թույլտվություն ստացել է, հայտնել են դատախազները։
Դուրովը, որը ծնվել է Ռուսաստանում, Ֆրանսիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և այլ երկրների քաղաքացի է։ Ձերբակալությունից հետո Դուրովը սկսել է ավելի շատ քննադատել ֆրանսիական իշխանություններին։
Կիրակի, երբ ընտրողները գնում էին Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասեր, Դուրովը հայտարարեց, թե Ֆրանսիայի կառավարությունը, մասնավորապես, Ֆրանսիայի արտաքին հետախուզության գործակալության ղեկավար Նիկոլաս Լերները, իրեն խնդրել են քվեարկությունից առաջ Telegram-ում արգելել պահպանողականների ձայները։ Փարիզը կտրականապես հերքել է Դուրովի հայտարարությունները։





























