Չինաստանում Գարնան տոնի նախօրեին, չինական լուսնային օրացույցի համաձայն Նոր տարում նոր ծառայություն է ի հայտ եկել` «Ընկերներ` վարձույթով»: Միայնակ մարդիկ կարող են իրենց համար պատվիրել ընկերներ, որոնք տոներին նրանց հետ կլինեն:
«Միայնակ մարդկանց ընկեր-ընկերուհիներ ենք տրամադրում, որպեսզի նրանք մենակ չդիմավորեն»,- ասվում է Baidu չինական խոշորագույն որոնողական կայքի հայտարարության մեջ:
Գները մատչելի են` ժամը 288 յուան կամ օրը 1000 յուան (մոտավորապես 45 եւ 160 դոլար): Վարձակալված զուգընկերը պետք է մասնակցի խնջույքներին եւ զրույցներին, վարձակալողին ուղեկցի թատրոն եւ կինո: Ընդ որում, եթե հյուրը, բացի այդ, պետք է գոյություն չունեցող ամուսնու դեր էլ ստանձնի, դա էլ համաձայնեցվում է առանձին:
Շենչժեն հարավային մեգապոլիսում միջնորդ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է անմիջականորեն կապվել ուղեկցելու համար նախատեսված աղջիկների եւ տղաների հետ: Ընդ որում, չինուհիներին զուգահեռ, առաջարկվում են նաեւ օտարերկրացի ընկերուհիներ: Այսպես, տեղի ծանոթությունների կայքում սլավոնական արտաքինով 20 գեղեցկուհիներ են նշվում: Կան անեւ մասնավոր անձանց հայտարարություններ: Մի աղջիկ, օրինակ, Douban.com կայքում աշխատանքի դիմաց պահանջում է 500 յուանից ոչ պակաս: Նա նաեւ խոստանում է «փեսացուի» ծնողներից ստացած բոլոր նվերները վերադարձնել:
Միեւնույն ժամանակ , մի շարք կայքեր լի են այն անձանց հայտարարություններով, ովքեր հուսահատված Նոր տարին դիմավորելու ուղեկից են փնտրում: Որպես կանոն, նման բոլոր հայտարարություններում նշվում է, որ սեռական ծառայություններ չեն մատուցվելու: Խոսքը զուտ ուղեկցորդության մասին է, գրում է «ՈՒԿՐԻՆՖՈՐՄ»-ը:




























