ՄԱԿ անկախ փորձագետներն այսօր լուրջ մտահոգություն են հայտնել հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի շարունակվող կալանքի կապակցությամբ, որը կամայականորեն կալանավորվել էր անցյալ տարվա ապրիլի 29-ին, հայտնել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը երբեք չպետք է դիտվի որպես հանցագործություն»,- հայտնել են փորձագետները։
Ընտրությունների մոնիթորինգի եւ ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի (EMDS) նախագահ Անար Մամեդլին ձերբակալվել է 2024թ. ապրիլի 29-ին՝ Ադրբեջանում քննադատների եւ ընտրությունների անկախ դիտորդների վրա աճող ճնշումների ֆոնին, նշել են փորձագետները:
Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ EMDS-ը հայտնել է խախտումների մասին 2024թ. փետրվարի նախագահական ընտրությունների ժամանակ եւ երբ նա մասնակցել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի միջոցառումներին:
2024թ. հունիսի 28-ին փորձագետները գրել էին Ադրբեջանի իշխանություններին՝ լուրջ մտահոգություններ հայտնելով Մամեդլիի ենթադրյալ կամայական կալանավորման, անօրինական խուզարկությունների, փաստաբանի իրավունքների սահմանափակման, կալանավորման պայմանների վատթարացման եւ նրա դեմ զրպարտչական արշավի: «Լուրջ մտավախություններ կան, որ Մամեդլիի կալանավորումն ու հետապնդումը կարող են վրեժ լինել նրա իրավապաշտպան գործունեության եւ ՄԱԿ մեխանիզմներում ներգրավվածության համար»,- ասել են նրանք:
Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է՝ հերքելով այդ մեղադրանքները, ասելով, որ Անար Մամեդլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել մաքսանենգության եւ փողերի լվացման համար: Նրանց պատասխանի համաձայն՝ կալանավորման ընթացքում նրան տրամադրվել են բոլոր անհրաժեշտ օրինական իրավունքները եւ բժշկական օգնություն։
Փորձագետները շարունակում են մտահոգվել դատավարությամբ, հատկապես հաշվի առնելով Մամեդլիի նախկին բանտարկությունը 2013թ., որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է անօրինական եւ քաղաքականացված: Չնայած դատարանի 2018թ. որոշմանը, որով Ադրբեջանից պահանջվում էր չեղարկել դատվածությունը եւ վերականգնել Մամեդլիի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, այդ պաշտպանության միջոցներն, ինչպես հավաստիացվում է, չեն կիրառվել։
«Քաղաքացիական մասնակցությունը, ընտրությունների անկախ մոնիթորինգը եւ համագործակցությունը միջազգային մեխանիզմների հետ ժողովրդավարական հասարակությունների հիմքն են»,- նշել են փորձագետները: «Այս գործունեությունը քրեականացնելը խարխլում է օրենքի գերակայությունը»։
Հատուկ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին հարգել պատշաճ ընթացակարգը, երաշխավորել Անար Մամեդլիի հիմնարար իրավունքները եւ նրան ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն՝ կապված նրա առողջական վիճակի հետ։ Նրանք նաեւ կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել իրավապաշտպանների նկատմամբ բոլոր տեսակի ահաբեկումները։
Փորձագետները կշարունակեն մշտադիտարկել այս դեպքը, հատկապես՝ ՄԱԿ իրավապաշտպան մեխանիզմների առումով բռնաճնշումների հետ կապված ցանկացած հնարավոր կապի առնչությամբ:





























