Եվրոպական հարկ վճարողների ասոցիացիան, Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) դաշինքի ներկայացուցիչների հետ համատեղ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում ներկայում պահվող ոսկու պաշարների մի մասը Գերմանիային վերադարձնելու նախաձեռնությամբ։ Եվրոպացի հարկ վճարողների պահանջների մասին գրում է գերմանական Bild պարբերականը։

Նախաձեռնողների կարծիքով, տրանսատլանտյան հարաբերությունների վատթարացման և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախության վերաբերյալ կասկածների ֆոնին նման քայլը ռազմավարական նշանակություն ունի։ Ասոցիացիայի ղեկավար Միխայել Յեգերը բաց նամակներ է հղել Բունդեսբանկի նախագահ Յոախիմ Նագելին և Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլին, որոնցում մտահոգություն է հայտնել հնարավոր ռիսկերի առնչությամբ։

«Բոլորը լսել են՝ ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները նվազեցնելուց հրաժարվելու համար։ Դա կասկածի տակ է դնում դրա անկախությունը», -Bild-ին տված հարցազրույցում պարզաբանել է Յեգերը։

Միացյալ Նահանգների արձագանքն ուժգնացրել է տագնապը։ Ամենավատ սցենարի դեպքում, ընդգծում է Ասոցիացիան, դա կարող է հանգեցնել տրանսատլանտյան դաշինքի փլուզմանը։

Ըստ Յեգերի՝ Թրամփի վարչակազմը կարող է մոտ ապագայում հետաքրքրություն ցուցաբերել գերմանական ոսկու նկատմամբ։ «Մեկ կամ երկու տարի հետո դրանից պարզապես կարող է այլևս չմնա», -հայտարարել է նա։

Գերմանիան ներկայում աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկու պաշարն ունի՝ մոտ 3,375 տոննա։ Դրանց մոտ 37%-ը՝ 100 միլիարդ եվրո արժողությամբ, պահվում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում՝ որպես ռազմավարական ակտիվ, որն անհրաժեշտության դեպքում կարող է արագ փոխարկվել դոլարի։