Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի նոր աշխատանքը ի հայտ է եկել Մարսելում, ծովափին մոտ։ Արվեստի օբյեկտի գտնվելու վայրը պարզել է Agence France-Presse-ը:
Բենքսին մայիսի 29-ին Instagram-ում հրապարակել է նոր գրաֆիտիի պատկերը, որը սպիտակ լույս արձակող սեւ փարոս է, որի վրա գրված է. I want to be what you saw in me («Ես ուզում եմ լինել այն, ինչ դուք տեսաք իմ մեջ»): Արվեստագետը հրապարակումը չի ուղեկցել որեւէ մեկնաբանությունով կամ աշխատանքի վայրի մասին տեղեկություններով։ Դրա լուսանկարը մեկ օրում հավաքել է ավելի քան 800 հազար հավանում։
Բենքսին, որը երկար տարիներ գաղտնի է պահում իր ինքնությունը, համարվում է մեր ժամանակների ամենապահանջված փողոցային նկարիչներից մեկը։ Նրա ամենաթանկ նկարը՝ «Սերը աղբարկղում»-ը, վաճառվել է 2021թ. 18,6 միլիոն ֆունտով (այն ժամանակ՝ 25,4 մլն դոլար):





























