Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի թանգարանը, որը գտնվում է տարածաշրջանի մայրաքաղաք Ուրումչիում, Արեւմտյան Չինաստանի ամենամեծ պատմամշակութային հաստատությունն է։ Սա այն վայրն է, որտեղ հնագույն քաղաքակրթությունները, տարատեսակ էթնիկական մշակույթներն ու Մեծ մետաքսի ճանապարհի հետքերը կենդանանում են մանրակրկիտ ձեւավորված ցուցանմուշներում։

Թանգարանը հիմնադրվել է 1953թ. եւ իր գոյության տասնամյակների ընթացքում քանիցս վերակառուցվել եւ ընդլայնվել է։ Ժամանակակից շենքը բացվել է 2005թ. եւ համադրում է ավանդական ույղուրական ճարտարապետական մոտիվները ժամանակակից դիզայնի տարրերի հետ։ Ընդարձակ սրահները եւ գմբեթավոր առաստաղները ստեղծում են տարածաշրջանի պատմության մեջ խորապես ընկղմվելու նպաստավոր մթնոլորտ։

Հաստատության ընդհանուր մակերեսը ավելի քան 8 հազար քառակուսի մետր է։ Այդ տարածքում հավաքված են մոտ 50 հազար կենցաղային, պատմական եւ մշակութային իրեր։ Ցուցադրության գլխավոր գանձը ցուցահանդեսն է՝ նվիրված Մեծ մետաքսի ճանապարհին։

Թանգարանի ամենավառ բաժիններից մեկը նվիրված է Սինցզյանը բնակեցնող ժողովուրդների մշակույթին եւ կենցաղին։ Այցելուները կարող են ծանոթանալ ույղուրների, ղազախների, ղրղզների եւ էթնիկական այլ խմբերի ավանդական հագուստին, յուրտերին, երաժշտական գործիքներին եւ կրոնական խորհրդանշաններին։ Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե որքան հարուստ եւ բազմազան է տարածաշրջանի մշակութային լանդշաֆտը։

Թանգարանը նմուշների ինքնատիպ հավաքածու ունի, որոնք գտնվել են Սինցզյանի տարբեր անկյուններում։ Այստեղ ներկայացված են բրոնզե դարի առարկաներ, մետաքսե իրեր, խեցեղեն, զենք եւ մետաղադրամներ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ։ Հատուկ ուշադրություն են գրավում ցուցանմուշները, որոնք վկայում են բուդդայականության, զրադաշտականության եւ իսլամի ազդեցության մասին տարբեր պատմական դարաշրջաններում։

Թանգարանի հերթական սրահը նվիրված է Մեծ մետաքսի ճանապարհի պատմությանը, որն անցել է ժամանակակից Սինցզյանի տարածքով։ Այստեղ կարելի է տեսնել հին առեւտրային երթուղիների քարտեզներ, առարկաներ Չինաստանից, Միջին Ասիայից եւ Եվրոպայից, ինչպես նաեւ հազարամյակներ շարունակ տարբեր մշակույթների, կրոնների եւ քաղաքակրթությունների փոխգործակցության մասին վկայող իրեր։
























Մարիա Ասատրյան՝ Ուրումչիից




























