Սպիտակ տան խորհրդական Փիթեր Նավարոն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի և Չինաստանի պաշտոնյաների միջև առևտրի հարցերով հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա յոթ օրվա ընթացքում, հայտնում է CNN-ը։
«Երկու նախագահների միջև հստակ մանդատ, փոխըմբռնում է եղել», - այսօր ասել է Նավարոն՝ նկատի ունենալով նախագահ Դոնալդ Թրամփի և նրա չինացի գործընկեր Սի Ծինփինի միջև երեկ կայացած 90-րոպեանոց հեռախոսազրույցը։
Սի Ծինփինի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը ոգևորված է նրանով, որ առևտրում պահպանվող լարվածությունը կարող է շուտով լուծվել։
Թրամփը կայացած զրույցը գնահատել է «շատ լավ» և ասել, որ շուտով տեղի կունենան երկրների տնտեսական թիմերի միջև հետագա բանակցություններ։ Նավարոն Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ ինքը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը, առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը կամ անձամբ նախագահը կհայտարարեն, թե երբ է պաշտոնապես նախատեսված ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաների միջև հանդիպումը։
Ակնկալվում է, որ Թրամփի տնտեսական թիմի այս չորս անդամները նույնպես կմասնակցեն առաջիկա բանակցություններին։