Ուկրաինա են վերադարձվել 252 զոհվածի աճյուններ, որոնք ռուսական կողմի պնդմամբ, ուկրաինացի զինվորականների են պատկանում։ Այս մասին հայտնել են ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող շտաբից։

Ավելի վաղ բելառուսական պետական «ԲելՏԱ» գործակալությունը տեղեկացրել էր, որ «Նովայա Գուտա» անցակետում Մոսկվան և Կիևը զոհված զինծառայողների մարմինների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 252 աճյուն, իսկ Կիևը Մոսկվային՝ 25-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել փոխանակման վերաբերյալ տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, Պետդումայի պատգամավոր, Հատուկ ռազմական գործողության (այդպես են ՌԴ իշխանություններն անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը «ՌԲԿ»-ին հաստատել է, որ Կիևը Մոսկվային է հանձնել 25 զոհվածի մարմին։