ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «Ամիօ» բանկի Մալաթիայի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է, որ «Ամիօ» բանկի մասնաճյուղի կառավարիչ Ֆ. Ք.–ն կազմել և Ղևոնդ Ա.–ին է իրացրել կեղծ տեղեկանք այն մասին, որ Ղրոնդ Ա.–ի՝ «Ամիօ» բանկ ՓԲԸ-ի թիվ... վարկային պայմանագրով՝ 21 միլիոն դրամի չափով, թիվ... վարկային պայմանագրով՝ 15 միլիոն դրամ գումարի չափով և թիվ... վարկային պայմանագրով՝ 6 միլիոն 200 հազար դրամ գումարի չափով Երևանի թաղամասերից մեկի հողատարածքի գրավադրմամբ վարկերը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ամբողջությամբ մարվել են։

Քննչական բաժինը պարզել է, որ այդ կերպ Ֆ․Ք.–ն կեղծել և անձամբ Ղևոնդ Ա–ին է իրացրել առևտրային ընկերության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող և իրավունք վերապահող փաստաթուղթ։

Նշված տեղեկանքը Ղևոնդ Ա.–ն 2023 թ դեկտեմբերի 27-ին ներկայացրել է «Արարատբանկի» Դավթաշենի մասնաճյուղ, որի հիմքով նույն օրը նշված բանկից ստացել է վարկ՝ այդ կերպ օգտագործելով առևտրային ընկերության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ։