Եվրոպան ի զորու է աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դիմադրությանը, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները որոշեն ամբողջությամբ դադարեցնել Կիևին իրենց ռազմական աջակցությունը, Reuters գործակալությանը հայտարարել է Գերմանիայի զենքի մատակարարումների համակարգման համար պատասխանատու բարձրաստիճան զինվորական պաշտոնյան։
Գեներալ-մայոր Քրիստիան Ֆրեյդինգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, ինչպես նաև Կանադան, արդեն գերազանցել են նախորդ տարի Կիևին ԱՄՆ-ի տրամադրած 20 միլիարդ դոլարի ռազմական օգնության ենթադրյալ գումարը։
Ըստ նրա, նրանց բաժին է ընկնում արևմտյան դաշնակիցների ընդհանուր ծախսերի շուրջ 60 տոկոսը։
«Ուկրաինայի դեմ պատերազմը մոլեգնում է մեր մայրցամաքում, այն նաև մղվում է եվրոպական անվտանգության կարգի դեմ։ Եթե լինի քաղաքական կամք, ապա կգտնվեն նաև միջոցներ, որոնք զգալի չափով կփոխհատուցեն ամերիկյան աջակցությունը», - ասել է Ֆրեյդինգը։
Ուկրաինան շարունակում է ստանալ զենքի մատակարարումներ, որոնք հավանության են արժանացել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից։ Սակայն պարզ չէ՝ արդյոք նրա իրավահաջորդ Դոնալդ Թրամփը համաձայնություն կտա որևէ նոր մատակարարման, թե երրորդ երկրներին թույլ կտա Կիևի համար ամերիկյան զենք գնել։
Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ Կիևին կբավականացնեն Բայդենի կողմից հավանության արժանացած մատակարարումները, Ֆրեյդինգն ասել է, որ դա կախված է լոգիստիկ գործընթացներից, ինչպես նաև այն արագությունից, որով Ուկրաինան ծախսում է զենքն ու զինամթերքը, բայց որ ամառը իրատեսական գնահատական է թվում։
«Այս պահին պարզ չէ, թե ինչպես կարձագանքի ամերիկյան կառավարությունը Ուկրաինային ռազմական աջակցության հետագա խնդրանքներին։ Մենք այս հարցի շուրջ ոչինչ չենք կարող ասել, - հավելել է նա։ - Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը շատ է շահագրգռված սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացմամբ։ Ես զգույշ ենթադրություն եմ անում, որ առնվազն հնարավոր կլինի գնել ամերիկյան պաշտպանական ապրանքներ և մատակարարել դրանք Ուկրաինա»։