ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այսօր դիմել է Գերագույն դատարան՝ խնդրանքով թույլ տալ Կրթության նախարարությանը զանգվածային կրճատումներ իրականացնել, որոնք արգելափակվել էին դաշնային դատավորի կողմից, հայտնում է NBC News-ը։

Արտակարգ հայտարարության մեջ գլխավոր սոլիսիտոր Ջոն Սաուերը հայտարարել է, որ Մասաչուսեթսից ԱՄՆ շրջանային դատավոր Մեն Չժունի մայիսի 22-ի որոշումը պետք է կասեցվի, քանի որ այն ոտնձգություն է դաշնային գործակալությունները կառավարելու նախագահի լիազորությունների նկատմամբ։

Նա նաև պնդել է, որ այս քայլը վիճարկող հայցվորները, ներառյալ դպրոցական շրջանները և աշխատողների արհմիությունները, իրենց պահանջները ներկայացնելու իրավական հիմքեր չեն ունեցել։

Սաուերն ասել է, որ հաստիքների կրճատման ծրագիրը ներառում է 1378 աշխատակցի՝ հավելելով, որ կառավարությունը «չափազանց հստակ» հայտարարել է, որ դա գերատեսչության ամբողջական լուծարմանն ուղղված ջանքերի մաս չէ։

Իր որոշման մեջ Չժունը գրել է, որ ապացույցները «ցույց են տալիս, որ պատասխանողների իրական մտադրությունը նախարարության արդյունավետ լուծարումն է՝ առանց համապատասխան օրենսդրական ակտի»։