Հունվարի 10-ին Յոհանեսբուրգի համալսարանի մուտքի մոտ դիմորդների` իրար ոտնատակ տալու արդյունքում մեկ մարդ մահացել է եւ մեկն էլ գտնվում է կրիտիկական վիճակում:
Դիմորդներն այստեղ սովորաբար հեռվից են գալիս Նախորդ օրվա երեկոյից սկսած նրանք հավաքվել են ուսումնական հաստատության դարպասների մոտ, որպեսզի առավոտյան ներս մտնեն եւ տեղեկանան` ընդունվել են արդյոք, թե ոչ:
Երկար արձակուրդներից հետո անձնակազմի աշխատանքն սկսելուն պես ամբոխը շտապել է մուտքի մոտ: Ոստիկանությանը չի հաջողվել կանգնեցնել բախումն ու հրմշտոցը:
Յոհանեսբուրգի համալսարանը ամենախոշորն է Հարավային Աֆրիկայում: Այնտեղ սովորում են 49 հազար ուսանողներ, որոնցից 11 հազարը նոր ընդունվածներ են: Սակայն այս հնարավորություններն էլ հերիք չեն երկրում բարձրագույն կրթության պահանջը բավարարելու համար:
Ընդունվելու գործընթացն ինքնին բավական պարզ է. բավական է միջնակարգ դպրոցի վերջին` 12-րդ ուումնական տարվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ միավորներ հավաքելը: Բոլոր նրանց, ում բախտը չի բերել, եւս մեկ հնարավորություն է ընձեռվում` հարկավոր է հաջողությամբ հանձնել ավարտական քննությունը:
Հենց այստեղ էլ առաջացել է շփոթությունը: Միեւնույն մարդիկ կարող են վկայականների ցուցանիշներով դուրս մնալ, բայց դրանից հետո հաջող կերպով հանձնել քննությունը: Դրան գումարվում են փոստային առաքումների խնդիրները:
Բացի այդ, դեկտեմբերի սկզբից մինչեւ հունվարի սկիզբը Ծննդյան տոների արձակուրդներն են, երկրում ոչ ոք չի աշխատում: Արդյունքում նրանցից շատերը, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ համալսարանում ընդունվելու փաստաթղթեր էր ներկայացրել, առ այսօր անտեղյակ են իրենց ճակատագրից, եւ քաոսը կրկնվում է ամեն տարի, գրում է dni.ru-ն:



























