Թուրքիայում արդարադատության իրականացման համակարգային բազմամյա թերությունները բացասաբար են անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով կոմիսար Թոմաս Համարբերգի զեկույցում:
Չնայած վերջին տարիներին որոշ հիմնական խոչընդոտների դեմ պայքարում Թուրքիայի կատարած լուրջ բարեփոխումներին, նրա օրենսդրությունը եւ պրակտիկան շարունակում են անհամապատասխան մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնարար իրավունքի սկզբունքներին: Զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններից է այն դիրքորոշումն ու պրակտիկան, որին հետեւում են տարբեր մակարդակի դատավորներն ու դատախազները` նախապատվությունը տալով պետության, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանը:
Տեւական վարույթները եւ ձերբակալությունները շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ. «Թուրքական իշխանությունները պետք է ակտիվացնեն դատական վարույթներն արագացնելու իրենց ջանքերը եւ առավել հաճախ օգտվեն ազատազրկմանը համարժեք այլընտրանքներից: Նրանք նաեւ պետք է նվազեցնեն հսկողության տակ գտնվելու չափազանց երկար ժամկետները, որոնք ներկա պահին կարող են հասնել մինչեւ տասը տարվա»: Կոմիսարը նաեւ կոչ է արել իշխանություններին վերանայել դատախազների դերը եւ դատական ոստիկանության գործառույթները, ինչպես նաեւ մեղադրական եզրակացությունների որակը:
Կոմիսարը ողջունել է մարդու իրավունքների լուրջ խախտումների, մասնավորապես` կտտանքների եւ դաժան վերաբերմունքի համար անպատժելիության դեմ պայքարի զգալի առաջընթացը, բայց կարծում է, որ խնդիրներ դեռ կան, որոնցից շատերն ի հայտ են եկել սպանված լրագրող եւ գրող Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննելիս: «Կոմիսարը ուշադիր հետեւում է սպանված լրագրող Հրանտ Դինքի գործին, որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լուրջ թերություններ է արձանագրել»,- նշվում է կոմիսարի զեկույցում:



























