Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը աշխատանքից չի ազատվել եւ գտնվում է արձակուրդում, այնուամենայնիվ, նրա տեղակալ Գագիկ Մխեյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի իրազեկ աղբյուրները։ Ավելին՝ Գագիկ Մխեյանն արդեն հասցրել է ներկայանալ ԱԺ աշխատակազմին` իր նոր պաշտոնում։ Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց հենց Գագիկ Մխեյանը` հավելելով, որ  ինքը նշանակվել է հունվարի 10-ից։ 

Հարցին, թե նախկին ՕԵԿ-ական Մխեյանին հնարավո՞ր է ապագայում տեսնենք ՀՀԿ-ի շարքերում, նա պատասխանեց, որ չգիտի, թե վաղը ինչ կլինի: «Ես այսօր անկուսակցական եմ, եթե դառնամ ՀՀԿ-ական, դուք այդ մասին անպայման կիմանաք»,- ասաց նա։

Մեր մյուս հարցը, թե ո՞ր արժանիքի համար են հենց  իրեն նշանակել պաշտոնակատար, ոչ թե, օրինակ`քարտուղարության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանին կամ Էրիկ Մինասյանին, անպատասխան մնաց, քանի որ Գագիկ Մխեյանը մեզ լավ չէր լսում: Իսկ հետո հնարավոր չեղավ նրա հետ կապվել, նրա հեռախոսն անհասանելի էր:

Նշենք, որ Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է: