Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել՝ ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

BBC–ի փոխանցմամբ՝ այն կտևի ժամը 20:00-ից մինչև 06:00-ը և կտևի մի քանի օր։ Նա ասել է, որ քաղաքը զգալի վնաս է կրել, սակայն պարետային ժամը վերաբերում է միայն մեկ քառակուսի մղոն տարածքին։ Այդ տարածքի բնակիչները և հավատարմագրված լրատվամիջոցները չեն տուժի, հավելել է Բասը։

Լոս Անջելեսի ոստիկանության պետը նշել է, որ պարետային ժամը անհրաժեշտ է «կյանքեր փրկելու և սեփականությունը պաշտպանելու համար» օրեր տևած անկարգություններից հետո։ Նա նաև ասել է, որ շաբաթ օրը ձերբակալվել է 27 մարդ, կիրակի՝ 40, երկուշաբթի՝ 114 և երեքշաբթի՝ 197։

Կարեն Բասը նաև կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացվող ռեյդերը։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ՝ հարցը քննարկելու համար։