NEWS.am-ը շարունակում է ապրանքային շուկաների մասին հրապարակումների շարքը: Դեկտեմբերին մեկնարկային «մոլիբդենային շարքից» հետո հաջորդը «պղնձե շաբաթն է»: Եւ նորից առաջատարը Չինաստանն է` սպառելով աշխարհում պատրաստի պղնձի մոտ 40%-ը:
Մեր առաջին զրուցակից Քրիստոֆեր Էքլսթոնը մեկնաբանում է Չինաստանի ժողովրդական բանկի` առեւտրային բանկերի նկատմամբ պահուստային պահանջների նվազեցման մասին որոշումը: Դեկտեմբերի սկզբին ընդունված որոշումը կարող է արագացնել տնտեսության վարկավորումը եւ, հետեւաբար, բնակարանային եւ ենթակառուցվածքային շինարարության աճը, ինչն էլ մեծ քանակությամբ պղինձ է պահանջում...
Միաժամանակ` փորձագետի կարծիքով, հազիվ թե դա ազդի Չինաստանում էներգահամակարգի շինարարության տեմպերի վրա, քանի որ այն հիմնականում ֆինասվորվում է բյուջեից: «Այդ քայլը, սակայն, կարող է շինարարության տեմպերի նվազումը հակառակ կողմը շրջելու փորձ լինել, քանի որ այդ անկումը Չինաստանի տնտեսական աճը կարող է նվազեցնել կամ զրոյացնել»,-նշեց վերլուծաբանը:
Նրա կարծիքով` Չինաստանի կառավարությունը փորձում է անշարժ գույքի բում առաջացնել: «Դա կարող է ավելի բարդ լինել, քան պարզապես դրա համար փողեր տրամադրելը: Բնակարանի մատչելիությունը, որն ինդիկատորի դեր է կատարում, կարծես թե չի նպաստում խնդրի լուծմանը: Այնպես, ինչպես 2007թ. ԱՄՆ-ում»,-նշեց փորձագետը:



























