Շախմատի կանանց Հայաստանի առաջնության առաջին տուրում վերջինն ավարտվեց Մարիա Կուրսովա - Նարինե Գասպարյան պարտիան: Սպիտակներով հանդես եկած Հայաստանի հավաքականի խաղացող Մարիա Կուրսովան անչափ հետաքրքիր պայքարում հաղթեց մրցակցին եւ միացավ առաջատարների խմբին:
Պարտիայի ավարտից հետո NEWS.am-ի թղթակիցը ճեպազրույց ունեցավ Հայաստանի առաջնությանն առաջին անգամ մասնակող Կուրսովայի հետ, որը անցած տարի ամուսնացավ գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ եւ Ռուսատանից տեղափոխվեց Երեւան` փոխելով նաեւ շախմատային ֆեդերացիան:
Մարիա, ինչպե՞ս ես գնահատում քո նորամուտը Հայաստանի առաջնությունում:
Առաջին պարտիայում հաղթեցի, բայց կարող էի նաեւ պարտվել, քանի որ ցեյտնոտի ժամանակ սխալ թույլ տվեցի: Ընդհանուր առմամբ` շատ բարդ պարտիա ստացվեց:
Ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանում:
Շատ լավ:
Իսկ ինչպե՞ս քեզ ընդունեցին Հայաստանի հավաքականում:
Ես իրականում լավ ճանաչում էի հավաքականի բոլոր անդամներին, ուստի ոչ մի խնդիր չի ծագել մեր միջեւ: Շատ համերաշխ թիմ է հավաքվել, պարզապես անցած տարվա աշխարհի առաջնության ժամանակ մեր բախտը մի փոքր չբերեց:
Ո՞րն էր դրա պատճառը:
Թիմային մրցումերում, երբ հավաքականի անդամներից մեկի խաղը լավ է ստացվում, ապա մյուսները նույնպես ձգտում են լավ խաղալ: Ցավոք, աշխարհի առաջնության ժամանակ բոլորս միասին մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք:
Հայաստանի առաջնությունում ո՞ւմ ես համարում քո հիմնական մրցակիցը:
Այն շախմատիստուհիներին, որոնք բարձր վարկանիշ ունեն, մասնավորապես, Նելլի Աղինյանին եւ Եվգենյա Դոլուխանովային:
Առաջին տուր
Մարիա Կուրսովա - Նարինե Գասպարյան` 1:0
Նելլի Աղինյան - Հասմիկ Ղամբարյան` 1:0
Մարիա Գեւորգյան - Լիա Մարտիրոսյան` 0:1
Լիանա Աղաբեկյան - Շուշան Սարգսյան` 1:0
Նաիրա Մովսիսյան - Աննա Հայրապետյան` 0:1
Անահիտ Խարատյան - Եվգենյա Դոլուխանովա` 0,5:0,5
Հիշեցնենք, որ Երեւանում մեկնարկած շախմատի կանանց Հայաստանի 67-րդ առաջնությանն առաջին անգամ մասնակցում է նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխված ուկրաինահայ Եվգենյա Դոլուխանովան:
Պատրաստեց Գարիկ Հովսեփյանը



























