Հայաստանի ոստիկանությունը երբեք չի հանդուրժի որեւէ ոտնձգություն ոստիկանի նկատմամբ: Նման հայտարարությամբ, այսօր` հունվարի 12-ին, հանդես եկավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով օրերս Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ոստիկանի առեւանգման եւ ծեծի դեպքին: «Ես չեմ հանդուրժի ոչ մեկին, ոչ մի երեւույթ` ոստիկան առեւանգել, ոստիկանի վրա ճնշումներ գործադրել: Նույնպես ես չեմ հանդուրժի, եթե ոստիկանն այդպես վարվի քաղաքացու հետ»,- ասաց Վ. Գասպարյանը:
Նրա խոսքով` առեւանգված ոստիկանը «լավ ոստիկան» է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանին առեւանգել են ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավորները:
Անդրադառնալով ԲՀԿ մի քանի անդամների ձերբակալություններին` թմրադեղերի հետ առնչություն ունելաու մեղադրանքով, Վ. Գասպարյանն ասաց, որ շարունակվելու են բոլոր նմանատիպ ձերբակալությունները: Նրա խոսքով` դա կապ չունի կուսակցությունների, կամ անձերի հետ: «Ոչ մի նշանակություն չունի, թե որ կուսակցության, որ խավի, կամ ինչ հաստության մարդիկ են»,- ասաց Վ. Գասպարյանը: Պարզապես այդ ժամանակահատվածում ինտենսիվ միջոցառումներ են իրականացվել թմրամոլության դեմ, միջպետական համագործակցության շրջանակներում:




























