Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահի ընտրությունները կկայանան մարտի 3-ից 4-ը: Կուսակցության ներկայիս առաջնորդ Իսա Գամբարը կարող է լուրջ մրցակցության հանդիպել այդ ընտրությունների ժամանակ: Այդ մասին գրում է Qafqazinfo.az կայքը:
«Արդեն հայտնի է, որ իր թեկնածությունն է առաջադրելու կուսակցության կենտրոնական գործադիր կառույցի ղեկավար Արիֆ Հաջըլը: Սակայն բացառված չէ, որ հանդես գան նաեւ այլ թեկնածուներ»,-գրում է կայքը` նշելով, որ քննարկման փուլում են գտնվում «Մուսավաթ»-ի անդամներ պրոֆեսոր Նուշաբա Սադըխլի, ինչպես նաեւ ներկայումս Թուրքիայի Կարս քաղաքի Կովկասի համալսարանում աշխատող Վուրղում Էյուբի թեկնածության առաջադրման հարցը:
Որոշ փորձագետների գնահատմամբ, շատ հավանական է, որ այս անգամ կուսակցության ղեկավար Իսա Գամբերը չկարողանա ապահովել ձայների անհրաժեշտ քանակություն, քանի որ նրա մրցակից Արիֆ Հաջըլը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն «Մուսավաթ»-ի շարքերում, այլ նաեւ հասարակական-քաղաքական առավել լայն շրջանակներում: Նա հայտնի է իշխանությունների դեմ ուղղված բողոքի ակցիաների կազմակերպմամբ եւ ճանաչում ձեռք բերեց իշխանությունների կողմից երկու անգամ ձերբակալվելուց հետո, որը կապված էր նրա քաղաքական ակտիվ գործունեության հետ:



























