Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում չբացառեց մամուլում տարածված տեղեկությունները, ըստ որի իր եղբայրը` Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Այվազյանը, նշանակվելու է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման պետ: Նրա խոսքով` այժմ Կադաստրում բարեփոխումներ են կատարվում, եւ այդ համատեքստում  կարող է այդպիսի բան լինել, կամ չլինել:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ առաջիկայում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նոր պետ է նշանակվելու Գագիկ Այվազյանը, ով Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբայրն է եւ ներկայումս Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարն է:

Անդրադառնալով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Վարդան Այվազյանը նշեց, որ ինքը կմասնակցի դրանց, բայց չգիտի` համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով:  Հարցին, թե ինքն անձամբ որ ընտրակարգով է ցանկանում մասնակցել, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այդ մասին կասի կուսակցությանը եւ ՀՀԿ-ն կորոշի: «Ես կուսակցության անդամ եմ, եւ կուսակցությունը ինչպես որոշի,այդպես էլ կվարվեմ»,- նշեց նա: