Ամերիկյան «The New Jersey Jewish News» պարբերականը հրապարակել  է փաստաբան Մարկ Մեյրովիտցի հոդվածը` նվիրված վերջերս Քնեսեթի կրթության հանձնաժողովում քննարկված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանդես եկող  փաստաբանը նշում է, որ  Իսրայելի խորհրդարանը չպետք է զբաղվի այդ հարցով, եւ առհասարակ,  1915թ. իրադարձություններին վերաբերող հարցերով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Նա նաեւ կարծում է, թե նման քննարկումները հանգեցնելու են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ կձախողեն տարածաշրջանում կայունության հաստատման բոլոր փորձերը:

Փաստաբանի հոդվածը բուռն քննարկումներ է առաջացրել նրա ընդդիմախոսների եւ համախոհների շրջանում:  Թերթի կայքում կազմակերպված քննարկմանը որոշ ընթերցողներ կարծիք են հայտնել, թե Մեյրովիտցը համագործակցում է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների հետ: