Ադրբեջանցի կանանց սեռական շահագործման նպատակով գերազանցապես տեղափոխում են եղբայրական Թուրքիա: Այդ մասին գրում Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով Մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարի վարչության տվյալները:
«Ներքին գործերի նախարարության ներկայացրած տեղեկություններով, 2010-ին թրաֆիքինգի առթիվ հարուցվել է 70 քրեական գործ, 39 անձ ենթարկվել են քրեական պատասխանատվության, զոհերի թիվը հասել է 34-ի: Տեղական եւ միջազգային հաշվետվությունների համաձայն, ադրբեջանցի կանանց սեռական շահագործման նպատակով գերազանցապես տեղափոխում են Թուրքիա: Բացի այդ, տարածված երեւույթ է նրանց Արաբական էմիրություններ, Ռուսաստան եւ Իրան տեղափոխելը: Ադրբեջանն էլ իր հերթին ծառայեցվում է որպես տրանզիտային ուղի Միջին Ասիայի երկրների կանանց տեղափոխման գործում»,-ասված է տեղեկության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հունիսի 27-ին հրպարակած մարդկանց թրաֆիքինգի մասին 2011-ի տարեկան զեկույցի` Ադրբեջանին վերաբերող հատվածում նշված է, որ Ադրբեջանում կանայք, տղամարդիկ եւ երեխաները ենթարկվում են հարկադիր աշխատանքի, սեռական բռնության, երկրում տարածված է թրաֆիքինգը:
Ըստ զեկույցի, ադրբեջանական իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում թրաֆիքինգը վերացնելու համար։ «Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում սեռական բռնությունները կանխելու, մարդկանց հարկադիր աշխատանքով զբաղվող անձանց բացահայտելու, հետաքննություն անցկացնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդեն չորրորդ տարին է, ինչ Ադրբեջանը ընդգրկված է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտի» տակ ստորագրած երկրների ցանկում, սակայն այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում»,- ասված է զեկույցում:



























