Դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալված Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը ոչ որեւէ մեկին հայհոյել է, ոչ էլ Վլադիմիր Գասպարյանն իրեն ծեծի է ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Նորայր Միրզախանյանը: Եվ քանի, որ գործով նախաքննություն է ընթանում նա ավելի հրաժարվեց ասել:
«Ընդամենը կարող եմ ասել, որ ինչում ինձ մեղադրել են, ես չեմ արել, ես ոչ ոքի չեմ հայհոյել, ինձ էլ Վլադիմիր Գասպարյանը չի ծեծել»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ նրա կինը` Արմինեն, մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում այդ թեմաներով խոսել. «Ինձ ճիշտ հասկացեք հուզվում եմ ինձ նման հարցեր մի տվեք»:
Հարկ է նկատել, որ ըստ մամուլի ունեցած տեղեկությունների «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը կարճատեւ կալանքի ընթացքում հայհոյել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որի մասին զեկուցել են Վլադիմիր Գասպարյանին: Դրանից հետո ոստիկանապետը ժամանել է Էջմիածին եւ ոստիկանության բաժնում անձամբ ծեծի ենթարկել իրեն վիրավորած Միրզախանյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, դեկտեմբերի 12-ին, ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցել էր ոստիկանության Էջմիածնի բաժին պետ` Գեւորգ Խաչատրյանը: Ավելի ուշ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցել էր, որ Նորիկ Միրզախանյանն արդեն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախ զարմանք էր արտահայտել Միրզախանյանի ձերբակալման փաստի առթիվ, նշելով. «Նա նույնիսկ սովորական ծխախոտ չի ծխում, ուր մնաց թմրանյութ օգտագործի»: Ավելի ուշ ներկայացնելով կատարվածի մանրամասները, Վ. Վարդանյանը պատմել էր, որ Նորայր Միրզախանյանն իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել: «5-6 մեքենայով կանգնեցնում են իր մեքենան, ավտոմատները վրան պահում, ձերբակալում ու տանում են` 6 տարեկան երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Ժամեր անց ՃՈ-ի ոստիկաններն են երեխային բերում Էջմիածին:« Սովետական միլիցիայի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մեթոդներով ձերբակալություն է տեղի ունեցել առանց որեւէ բան ասելու: Երեխան երեկվանից տեսածից ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել:Մենք ավելին չգիտենք մեր ունեցած ինֆորմացիան երեխայի պատմածների հիման վրա են», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Վարդան Վարդանյանը:
NEWS.am-ը տեղեկացրել է նաեւ, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնի քննիչի ներկայացրած միջնորդությունը` կալանքը, որպես խափանման միջոց կիրառել Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորայր Միրզախանյանի նկատմամբ, եւ նրա դեպքում ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























