Հունվարի 12-ի երեկոյան Մոսկվայում սրտի հատվածում ստացած դանակի վերքերով, չափազանց ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Տաջիկստանի ընդդիմության հայտնի գործիչ, լրագրող Դոդոջոն Աթովուլոեւը: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Տուժողին արդեն կատարվել է վիրահատություն:
«Ինտերֆաքըս» հաղորդում է, որ լրագրողին դանակահարել են «Վիաջիո» ռեստորանում: Հանգամանքներն առայժմ հայտնի չեն: Ատովուլոեւին հանդիպում է նշանակված եղել ռեստորանում: Նա սպասելիս է եղել սեղանի մոտ, երբ նրան է մոտեցել ասիական արտաքինով անհայտ տղամարդ, դանակով երկու անգամ հարվածել է եւ հեռացել է:
Ատովուլոեւը Տաջիկստանի «Վաթանդոր» շարժման առաջնորդն է եւ «Չարողի Ռուզ» թերթի գլխավոր խմբագիրը: 1998-ից Մոսկվայում լույս տեսնող, իսկ Տաջիկստանում ինտերնետային տարբերակով հասանելի թերթը քննադատական նյութեր է հրապարակում Տաջիկստանի կառավարության անդամների, նախագահ Ռահմոնի եւ նրա ընտանիքի մասին: Տաջիկստանի իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար Աթովուլոեւը մի քանի տարի առաջ տեղափոխվեց Ռուսաստան:
2008-ին Տաջիկստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Աթովուլոեւի դեմ, իսկ 2011թ. ապրիլին Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը հարցում հղեց խմբագրին ձերբակալելու եւ Տաջիկստանին հանձնելու մասին: Աթուլոեւին մեղադրում են տնտեսական հանցագործությունների մեջ: Ընդդիմադիրը պնդում էր, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների համար:



























