ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` հունվարի 11-ին Բեռլինում անդրատլանտյան հարաբերությունների հարցերի վերաբերյալ ելույթ ունենալով Կորբերի հիմնադրամում:
ԱՄՆ Պետքարտուղարության կայքի հաղորդմամբ` Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ Կովկասի հարցում «Եվրամիության եւ այլ միջազգային գործընկերների հետ մեր համատեղ ջանքերը բերել են առաջըթնացի, թեեւ տարածքային վեճերը, քաղաքական եւ տնտեսական հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը մնում են խոչընդոտ առավել կայունության հասնելու համար»:
Նրա խոսքով, Վրաստանի հետ շարունակվող գործակցությունը եւ օգնության տրամադրումը նպաստել են այդ երկրի ժողովրդավարական զարգացմանը. «Ընդ որում, մենք նախկինի նման շարունակում ենք վճռականորեն հանդես գալ Վրաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության աջակցությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ողջունել են Շվեյցարիայի միջնորդությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրած համաձայնագիրը, որը շարունակեց Ռուսաստանին ԱՀԿ-ին անդամակցելու հրավեր տրամադրելու ընթացքը»:
«Տարածաշրջանի մյուս հատվածներում մենք կշարունակենք պնդել ժողովրդավարական բարեփոխումների եւ քաղաքական տարածքի բացման օգտին, որպեսզի լիովին պաշտպանվեն մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները, խրախուսվեն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբարերությունների նորմալացումը, ինչպես նաեւ կշարունակենք երկխոսությունը Մինսկի խմբի շրջանակում` օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել ղարաբաղյան հակամարտության երկարատեւ խաղաղ կարգավորում», -հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը:



























