Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլից ընտրված պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Հաքան Շյուքյուրը պայմանագիր է ստորագրել Lig TV հեռուստաընկերության հետ՝ Maraton հաղորդման ժամանակ սպորտային իրադարձությունները մեկնաբանելու շուրջ:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը սպորտային խաղերը մեկնաբանելու համար ստանալու է ամսական 150 հազար լիրա (մոտ 90 հազար դոլար) աշխատավարձ։ Պատգամավորն իրեն ուղղված քննադատություններին ի պատասխան ասել է, թե սպորտային մեկնաբանությունն իր համար հոբի է, որը լավ է կարողանում անել։
Հաքան Շյուքյուրը 2008-ին էլ 2 տարով պայմանագրիր էր ստորագրել TRT-ի հետ եւ ամսական ստացել մոտ 40 հազար դոլար։
Նշենք, որ Թուրքիայում պատգամավորը ստանում է մոտ 7 հազար դոլար աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Հաքան Շյուքյուրը մինչեւ 2008-ը խաղացել է թուրքական առաջատար ակումբներում եւ ազգային հավաքականում եւ արժանացել է մի շարք մրցանակների։ Հաքան Շյուքյուրը 2002-ի աշխարհի առաջնությանն արժանացել է բրոնզե մեդալի եւ խաղը սկսելուց հետո 10,8 վայրկյանում խփած գոլով դարձել աշխարհի ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստը։




























