Ֆրանսիայի Սենատում Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական ժողովի խմբակցությունը հունվարի 12-ին հայտարարել է, որ դեմ է քվարկելու ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին`  վկայակոչելով «France-Presse»-ին:

Հիշեցնենք, որ Միություն հանուն ժողովրդական շարժման պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր  դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում: Նշենք, որ օրինագծով ժխտումը պատժվում է 1 տարվա ազատազրկմամբ կամ 45 հազ. եվրո տուգանքով:

Եվրոպական ժողովրդավարական եւ սոցիալական ժողովի (RDSE) տասնվեց  սենատորները կարծում են, որ օրենսդիր մարմինը չպետք է միջամտի  նմանատիպ քննարկմանը, եւ առավել եւս քրեական պատժամիջոցներ նախատեսի:

Էկոլոգիական խմբակցությունը (ընդհանուր առմամբ 10 սենատոր) նույնպես դեմ են արտահայտվել:  Սոցիալիստների (ընդհանուր առմամբ 130 սենատոր)  մեծ մասը, ինչպես նաեւ Կոմկուսի եւ Հանրապետական եւ քաղաքացիական շարժման  (21 հոգի)  եւ Միություն հանուն ժողովրդական շարժման (132) սենատորները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին:  Նախագծի ընդդիմախոսների մի մասը, այդ թվում` Միություն հանուն ժողովրդական շարժումից, նշել են,  որ չեն մասնակցի քվերակությանը: Ստացվում է, որ ամենակոպիտ հաշվարկով, 348 սենատորներից 283-ը կամ մոտ 81%-ը, կքվերակեն հօգուտ օրինագծի: Նման կոնֆիգուրացիայի պարագայում  օրինագիծը Սենատի կողմից ընդունվելու մեծ շանս ունի: