Հունվարի 14-ին Ճապոնիայի արտգործնախարար Կոիտիրո Գեմբան Ճապոնիայի առափնյա պահպանության մոտորանավից դիտարկել է Ռուսաստանի Հարավային Կուրիլներ կղզիները, որոնք Տոկիոն անվանում է «հյուսիսային տարածքներ»:

Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Կուրիլների դիտարկում անցկացնելու ցանկությունը կապված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Տոկիո կատարելիք առաջիկա այցի հետ:

Մոսկվայի եւ Տոկիոյի հարաբերություններում Կուրիլների հետ կապված հարցի հերթական սրացումը տեղի ունեցավ 2010թ. նոյեմբերին, երբ պատմության մեջ առաջին անգամ Կուրիլներ այցելեց Ռուսաստանի նախագահը:

Ճապոնիայի այն ժամանկվա վարչապետ Նաոտո Կանը Մեդվեդեւի ուղեւորությունն անվանեց «անթույլատրելի կոպտություն»: Մոսկվան պատասխանեց, թե Կուրիլները պատկանում են Ռուսաստանին եւ երկրի նախագահը աշխատանքային այցեր կկատարի անկախ Տոկիոյի արձագանքից:

Հունիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կնքած գործարքով, ձեռք բերվելիք «Միստրալ» ուղղաթիռակիրները համալրելու են Ռուսաստանի Խաղաօվկիանոսյան նավատորմը եւ ապահովելու են Կուրիլների անվտանգությունը, գրում է Gazeta.ru-ն: