Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն առաջարկել է մաքսային ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրման հայկական փորձը տարածել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների վրա։ Դրա մասին նա հայտարարել է հունիսի 26-ին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ։
Ըստ նրա՝ Հայաստանի Պետական Եկամուտների Կոմիտեում գործող էլեկտրոնային «մեկ պատուհանի» համակարգը պարզ է և մատչելի. նույնիսկ փորձ չունեցող ձեռնարկատերերը կարող են հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, կցել ուղեկցող փաստաթղթեր և ստանալ թույլտվություններ։
«Արժե մտածել, թե ինչպես կիրառել ձեր հաջողված փորձը ԵԱՏՄ մյուս երկրներում», -նշել է Դավիդովը՝ դիմելով տեսակապի միջոցով քննարկմանը միացած ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանին։
Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, որն ընդգծել է ԵԱՏՄ սահմաններին միջազգային բեռների մաքսային ձևակերպման ժամանակը 10 րոպեով նվազագույնի հասցնելու կարևորությունը։ Դա հենց այն նպատակն է, որը նախկինում ուրվագծել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցրել է նա։





























