Յեյլի համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մողեսներ, որոնք գոյատևել են 66 միլիոն տարի առաջ դինոզավրերի անհետացման պատճառ դարձած երկնաքարի անկումից հետո։ Նրանք փրկվել են հարվածի էպիկենտրոնի մոտ և շարունակում են բնակվել Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի նույն տարածաշրջաններում։

Ինչպես նշվում է Biology Letters (BioLetts) գիտական ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, խոսքը Xantusiidae ընտանիքի փոքր գիշերային մողեսների մասին է, հայտնում է Planet Today-ը։ Մասնագետները կիրառել են մոլեկուլային ժամացույցի մեթոդը, որը թույլ է տվել պարզել, որ ներկայիս գիշերային մողեսների վերջին ընդհանուր նախնին հայտնվել է շուրջ 90 միլիոն տարի առաջ։

Պարզվել է, որ այս արարածների երկու էվոլյուցիոն գիծ վերապրել է աղետը Յուկատան թերակղզուն հասցված հարվածի էպիկենտրոնի մոտ։ Այժմ այնտեղ այդ հնագույն աղետի մասին է հիշեցնում 180 կիլոմետրանոց Չիկշուլուբ խառնարանը։

Փորձագետները ստույգ չգիտեն սողունների գոյատևման պատճառները, կան միայն վարկածներ։ Մասնավորապես, փրկարար կարող էր լինել դանդաղ նյութափոխանակությունը։ Օգնել է նաև կենդանական աշխարհի այս ներկայացուցիչների թաքնված ապրելակերպը։ Դրանք փոքր են՝ ոչ ավելի, քան 10 սանտիմետր երկարությամբ, և կարող են թաքնվել ժայռերի ճեղքերում ու ծառերի կեղևի տակ։

Գիշերային մողեսները միակ ցամաքային ողնաշարավորներն են, որոնք պահպանվել են այս տարածքում աղետի ժամանակներից ի վեր։ Եղել են նաև որոշ այլ տեսակներ, որոնք գոյատևել են աղետից անմիջապես հետո, բայց դրանք կա՛մ գաղթել են, կա՛մ ավելի ուշ անհետացել։