Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել իսրայելական ռեժիմին և ԱՄՆ-ին ճանաչել Իրանի դեմ վերջին ագրեսիայի նախաձեռնողներ և ընդունել դրանից բխող նրանց պատասխանատվությունը, ներառյալ փոխհատուցումը և վնասի հատուցումը, հայտնում է Tasnim-ը։

Հունիսի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Քերոլին Ռոդրիգես-Բիրկեթին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ԱՄՆ-ին և Իսրայելին «պատասխանատվության ենթարկի Իրանի դեմ ագրեսիայի համար և կանխի զզվելի ու ծանր հանցագործությունների կրկնությունը»։

«Իրանի դեմ այս միակողմանի հարձակումները խախտում են միջազգային իրավունքի բազմաթիվ հիմնարար նորմեր, այդ թվում՝

  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ կյանքի իրավունքը,

  • Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2(4) հոդվածի և միջազգային սովորութային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառման միջազգային արգելքը (Գլխավոր ասամբլեայի 2625 (XXV) բանաձև (1970). Բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր), որն ունի համընդհանուր ճանաչում,

  • ագրեսիայի արգելքը (Գլխավոր ասամբլեայի 3314 (XXIX) բանաձև (1974)․ Ագրեսիայի սահմանումը),

  • մեկ այլ պետության ներքին գործերին չմիջամտելու պարտականությունը (Գլխավոր ասամբլեայի 2625 (XXV) բանաձև (1970)․ Բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր),

  • մեկ այլ պետության ինքնիշխանությունը հարգելու պարտականությունը,

  • և Իրանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1(2) հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ու Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի ընդհանուր 1(1) հոդվածի»,- մասնավորապես, ասվում է Իրանի ԱԳ նախարարի նամակում։