Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ապագան։ Ըստ Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության՝ զրույցը նախաձեռնել է Զելենսկին։
«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել Բաքվում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Իրանից Ուկրաինայի քաղաքացիների տարհանման գործում Ադրբեջանի ցուցաբերած օգնության և տրամադրված մարդասիրական օգնության համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Զելենսկին միաժամանակ ուկրաինական հանրության ցավակցությունն է հայտնել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների սպանության կապակցությամբ։





























