Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դա երկու առաջնորդների միջև առաջին շփումն է 2022 թվականից ի վեր, հայտնել են Կրեմլից։

«Պետությունների ղեկավարները հանգամանորեն քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ իրանա-իսրայելական դիմակայության և իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։

Զրույցի ընթացքում Պուտինը և Մակրոնը նշել են, որ Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, հատուկ պատասխանատվություն են կրում Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման և միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման համար։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Բարձրացվել է նաև հնարավոր խաղաղ կարգավորման թեման։ Ըստ տեղեկությունների՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի առանցքային դիրքորոշումները՝ ցանկացած համաձայնագիր պետք է լինի համապարփակ և երկարաժամկետ, անդրադառնա հակամարտության արմատական ​​պատճառներին և հաշվի առնի տարածքային նոր իրողությունները։