Ֆրանսիան շարունակում է կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆրիկայում. հանրապետությունը Սենեգալին է հանձնել ևս մեկ ռազմաբազա և հուլիսի վերջին ամբողջությամբ կավարտի իր զորքերի դուրսբերումը երկրից։ Դրա մասին ասված է Դակարում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան սենեգալյան կողմին հանձնեց Դակարի մերձակայքում Ռուֆիսկում տեղակայված համատեղ հեռարձակման կայան։ Կայանը 1960 թվականից ի վեր կապ է ապահովում Ատլանտյան օվկիանոսի հարավային ափին», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ մնացած ռազմական օբյեկտները կազատվեն մինչև ամսվա վերջ։ Ֆրանսիան ավելի վաղ լքել էր Մարեշալի, Սենտ-Էքզյուպերիի և Փոխծովակալ Պրոտեի բազաները։ Ֆրանսպրես գործակալության տվյալներով՝ Դակարում և մերձակայքում տեղակայված ռազմաբազաներում աշխատում է 162, իսկ ենթակապալառուներով հանդերձ՝ շուրջ 500 մարդ։

Աֆրիկայում Ֆրանսիայի ռազմական ներկայության կրճատումը շարունակվում է արդեն մի քանի տարի։ 2022 թվականին ֆրանսիական ուժերը դուրս բերվեցին Մալիից, որտեղ «Բարխանե» գործողությունը ահաբեկիչների դեմ գործում էր 2014 թվականից ի վեր։ 2023 թվականի մարտին Բուրկինա Ֆասոն չեղարկեց Ֆրանսիայի հետ կնքված ռազմական օգնության համաձայնագիրը՝ պահանջելով դուրս բերել իր զորակազմը։ 2023 թվականին Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումից հետո նոր իշխանությունները ևս պահանջեցին դադարեցնել ռազմական համագործակցությունը, իսկ զորքերի դուրսբերումն ավարտվեց դեկտեմբերին։ 2024 թվականի հունվարին Ֆրանսիան վերջնականապես լքեց Չադը՝ տեղական կառավարության խնդրանքով։

Ինչպես գրել է Le Monde-ը, Փարիզը մտադիր է զգալիորեն կրճատել իր ներկայությունը ոչ միայն Սենեգալում, այլև Գաբոնում և Կոտ դ'Իվուարում։ Այդ քայլերն արտացոլում են աֆրիկյան երկրների շրջանում ֆրանսիական ռազմական ազդեցությունից հրաժարվելու աճող միտումը։