Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում. տեղեկացնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

ՄխիթարՀայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում, ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները, ձեռքբերումները և առաջիկա նախաձեռնությունները։

Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչը համընկնում է «ԵՄ4 Ինովացիա Արևելք» ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակի հետ։

Նախարար Հայրապետյանն առանձնահատուկ անդրադարձել էնաև ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում՝ կարևորելով գիտատեխնիկական և փորձարարական մշակումների համատեքստում փոխշահավետ համագործակցության զարգացումը։ Այդ ուղղությամբ հատկապես կարևորվել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կիրառման ընդլայնումը:

Դեսպան Մարագոսն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ կոնկրետ քայլերով խորացնելու տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային նախաձեռնությանը և Հայաստանում նորարարական էկոհամակարգի ամրապնդմանն աջակցելու ներուժը։ Կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ նորարարության խթանման և կայուն զարգացման ապահովման նպատակով։

Հատուկ ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման, ներդրումների ներգրավմանև կայուն աճի տեսանկյունից:

«ԵՄ4 Ինովացիա Արևելք» (EU4Innovation East) ծրագիրը Եվրոպական միության կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել նորարարական և ստարտափ էկոհամակարգերը Արևելյան գործընկերության երկրներում: