Ուկրաինան հաջողության չի հասել ԱՄՆ-ից ավելի շատ զենք ստանալու իր փորձերում և նույնիսկ այն մատակարարումները, որոնք հաստատել էր ԱՄՆ նախորդ նախագահը, սառեցվել են նախորդ օրը։ Այսպիսով, այժմ Կիևը նոր մոտեցում է մշակում՝ այն ցանկանում է ստանալ Վաշինգտոնի թույլտվությունը, որպեսզի եվրոպական երկրները ամերիկյան զենք գնեն Ուկրաինայի համար։ Այս մասին Politico-ին հայտնել են տեղեկացված վեց աղբյուրներ։
Նոր մոտեցման շրջանակներում մի քանի եվրոպական կառավարություններ քննարկում են իրենց պաշտպանական բյուջեներից ամերիկյան զենք գնելու և այն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, հաղորդում է DW-ն։ Աղբյուրները նշում են, որ այս ծախսերը կարող են համարվել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նպատակներին ուղղված ներդրում։
Սա պետք է հաստատվի ԱՄՆ կառավարության կողմից և մանրամասները ներկայումս քննարկվում են։ Հստակ չէ՝ կհամաձայնվի՞ արդյոք Վաշինգտոնը նոր մոտեցմանը։ Politico-ն նաև նշում է, որ Ուկրաինան ստիպված է արագ գործել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ամառային հարձակումն երկրի հյուսիսարևելյան մասում՝ դեպի Սումի շրջան, որտեղ ռուսները գրավել են կարևոր հանքավայրեր։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Բրայան Ֆիցպատրիկը խնդրել է Սպիտակ տանը և Պաշտպանության նախարարությանը արտակարգ ճեպազրույց անցկացնել՝ Պենտագոնի կողմից Կիևին զենքի մատակարումների մասի սառեցման վերաբերյալ տեղեկությունները պարզաբանելու համար։
Ֆիցպատրիկը հույս է հայտնել, որ համապատասխան մարմինները կուսումնասիրեն զենքի և զինամթերքի պաշարները և կապահովեն, որ «Միացյալ Նահանգները լիովին հանձնառու մնա Ուկրաինային տրամադրել այն ռեսուրսները, որոնք նրան անհրաժեշտ են իր ժողովրդին պաշտպանելու և ազատության գործը առաջ մղելու համար»։





























