Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետերում աշխատող ամերիկացի անվտանգության աշխատակիցները մարտական փամփուշտներ են օգտագործել և լուսարձակային նռնակներ են նետել սնունդ ստանալու եկած պաղեստինցիների վրա, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի կապալառուների և տեղում նկարահանված տեսանյութերի։
Աղբյուրներն այս տեղեկությունը տարածել են անանունության պայմանով։ Euronews-ը հաղորդում է, որ նրանց ցուցմունքները, ինչպես նաև լրագրողների ձեռք բերած Գազայի մարդասիրական հիմնադրամի ներքին զեկույցներն ու նամակագրությունն արտացոլում են անկլավում օգնության բաշխման առնվազն մեկ կետի գործունեության պայմանները։ Կադրերում երևում են հարյուրավոր պաղեստինցիներ, որոնք հավաքվել են՝ սպասելով սննդի ծանրոցների։ Լսվում են անգլերեն խոսող տղամարդկանց ձայներ, որոնք քննարկում են՝ ինչպես ցրել ամբոխը, լսվում են կրակոցներ, ինչպես նաև «Ոնց որ թե մեկին խփեցիր» արտահայտությունը, և անվտանգության աշխատակիցն «ուժը ցույց տալու համար» խոստանում է Իսրայելի պաշտպանության բանակի տանկեր բերել:
Associated Press-ի աղբյուրները հայտնել են, որ հիշում են առնվազն մեկ դեպք, երբ անվտանգության աշխատակիցները վիրավորել են բուժկետ եկած մարդուն։ Նրանք պարզաբանել են, որ ցանկանում են հրապարակայնորեն արտահայտել իրենց մտահոգությունները՝ նշելով, որ, իրենց կարծիքով, անվտանգության համար վարձված անձինք հաճախ անհրաժեշտ որակավորումը չունեն։
Գազայի մարդասիրական հիմնադրամի հետ աշխատող լոգիստիկ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օբյեկտներից ոչ մեկում լուրջ վիրավորներ չկան։ Ըտս նրա՝ կետերի բացման առաջին օրերին, երբ այնտեղ ամբոխ էր հավաքվում, պահակախումբը իրականում նախազգուշական կրակոցներ էր արձակում։





























